Նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածու է իշխող կուսակցությունից

Միխեիլ Կավելաշվիլի
Ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Վրաստանում ընդդիմության և բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը։ Նրա նախագահության ժամկետն ավարտվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Նախկին ֆուտբոլիստ և հարձակվող 53-ամյա Միխեիլ Կավելաշվիլին դարձել է Վրաստանի նախագահի թեկնածու «Վրացական երազանք» կուսակցությունից։ Այս մասին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, առաջին անգամ Վրաստանի նախագահին կընտրի ոչ թե բնակչությունը, այլ ընտրական կոլեգիան։ Սահմանադրության համաձայն՝ կոլեգիան բաղկացած է 300 հոգուց, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից, Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդների անդամներից։

«Կավելաշվիլին հատուկ ներկայացման կարիք չունի։ Նրա վաստակը մեծ է երկրի առաջ որպես վաստակավոր մարզիկ։ Վերջին ութ տարիներին նա ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում։ Մեծ ներդրում է ունեցել երկրի շահերի պաշտպանության գործում, լավ մարդու, լավ ամուսնու և չորս երեխաների հոր խորհրդանիշ է»,- հայտարարել է Իվանիշվիլին։

«Երազանքի» հիմնադիրը հույս է հայտնել, որ Կավելաշվիլին կվերականգնի նախագահական ինստիտուտին նախկին պատիվը։ Նոր նախագահի երդմնակալությունը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 29-ին։
Կավելաշվիլին ֆուտբոլի վետերան է, իր մարզական կարիերան սկսել է Թբիլիսիի «Լոկոմոտիվում», այնուհետև տեղափոխվել է «Դինամո», որի կազմում դարձել է Վրաստանի վեցակի չեմպիոն։ Կավելաշվիլին Վրաստանի հավաքականի կազմում անցկացրել է 46 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի հեղինակ։ 1995 թվականին տեղափոխվել է Վլադիկավկազի «Սպարտակ-Ալանիա» ակումբ, իսկ 1996 թվականին՝ «Մանչեսթեր Սիթի»։ Նա խաղացել է նաև Շվեյցարիայի տարբեր ակումբներում։
Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահ է վերընտրվել
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Կավելաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության ցուցակում 18-րդ համարն էր, նա իշխանամետ «Ժողովրդի ուժ» կուսակցության քաղաքական քարտուղարն է։