ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի վերաբերյալ համաձայնությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն այս մասին հայտարարություն է տարածել X-ի պաշտոնական էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ին), ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը, որը նոյեմբերի 26–ի երեկոյան հաստատվել է Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի կողմից։ Որպես միջնորդ հանդես է եկել Ֆրանսիան։ Հրադադարի հաստատումից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման կողմից հրադադարի ցանկացած խախտման դեպքում Իսրայելը կպատասխանի և կվերսկսի ռազմական գործողությունները։
ՀՀ արտգործնախարարությունը հույս է հայտնում, որ հրադադարն առանցքային քայլ կդառնա մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ճանապարհին:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: