ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, իսկ Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս պահին փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը, այդ թվում` Սպիտակի ոլորանները, դժվարանցանելի են բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ինչպես նաև Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։
«Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց Ձորի մարզում, Չարենցավան, Հրազդան, Սիսիան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
ՀՀ ՆԳՆ–ն վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղական Գագիկ Սուրենյանը երեկ տեղեկացրել էր, որ հյուսիս–արևմուտքից հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան, որով պայմանավորված` առատ տեղումներ կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի։