ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Չինացի գիտնականներն ստեղծել են արհեստական բանականությամբ ռոբոտ, որը կարող է ցածր ձգողության պայմաններում ցատկել աստերոիդների մակերևույթների վրայով, գրում է South China Morning Post պարբերականը:
Խարբինի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները, որոնք ոգեշնչվել են կատուների՝ օդում շրջվելու և մշտապես թաթերի վրա վայրէջք կատարելու ունակությունից, օգտագործել են արհեստական բանականության տեխնոլոգիա, որպեսզի ռոբոտին վարժեցնեն օդում՝ վերջույթների օգնությամբ, շտկել իր դիրքը:
Չինացի գիտնականները «ռոբոտ-կատու» են ստեղծել աստերոիդները հետազոտելու համար
© Photo : South China Morning Post
Լրատվականը նշում է, որ ի տարբերություն ավանդական համակարգերի, որոնք ապավինում են ծանր մասնագիտացված կայունացնող սարքավորումներին, ստեղծված ռոբոտը չորս վերջույթների համակարգված շարժման համար օգտագործում է «առանց մոդելի» կառավարման համակարգը (տվյալների օգտագործումը ուսուցման և ադապտացիայի համար՝ համակարգի մաթեմատիկական մոդելին ապավինելու փոխարեն - խմբ.): Դա թույլ է տալիս ռոբոտին հարմարեցնել իր թեքությունը և օդում՝ տարածության մեջ, փոփոխել դիրքը:
«Սա լուծեց փոքր երկնային մարմինների վրա՝ ցածր ձգողական միջավայրում ցատկելու ռոբոտների ամենակարևոր խնդիրը, որտեղ ոտքերի ուժի նույնիսկ փոքր անհավասարակշռությունը կարող է հանգեցնել անվերահսկելի փոխատեղման, վթարային վայրէջքի կամ մակերևույթից ռոբոտի վերջնական ցատկի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավանդական անիվային ամենագնացները, որոնք օգտագործվում են Լուսնի և Մարսի վրա, փոքր երկնային մարմինների վրա՝ ցածր ձգողության պայմաններում դժվարություններ են ունենում՝ անիվների արդյունավետ աշխատանքի համար անբավարար ձգողականության պատճառով: Ցատկող ռոբոտները կարող են լուծել այս խնդիրը:
Թերթը նշում է, որ փոքր երկնային մարմինները ոչ միայն պարունակում են Արեգակնային համակարգի ծագումը հասկանալու բանալին, այլև հարուստ են այնպիսի ռեսուրսներով, ինչպիսիք են պլատինը և այլ հազվագյուտ մետաղները: