ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայկական «Արմսաթ-1» արբանյակի ծրագրի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարել է արբանյակի նախագծի լիակատար ձախողման մասին, որի վրա ծախսվել է առնվազն 8 մլն դոլար։ Ըստ թերթի` նախարարն ասել է, որ արբանյակը կընկնի 2 ամսից, իսկ իշխանությունները 50 մլն դոլար արժողությամբ նոր ծրագիր են պատրաստում։ ԶԼՄ–ները գրեցին, որ արբանյակի թեմայի հետ կապված քրեական գործ է հարուցվել։
Ավելի ուշ նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ որևէ աղմկահարույց տեղեկության չի տիրապետում։ Իսկ հետո հրապարակեց տիեզերքից արված լուսանկարները` որպես արբանյակի աշխատանքի ապացույց։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` գործը քննվում է Հակակոռուցպիոն կոմիտեում։ Քրեական վարույթն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։
Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական «Satlantis» ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022-ի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ 1»։