ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սպասում է մանկության ընկերոջը, որպեսզի կարողանա որոշում կայացնել` մանդատը վայր դնի, թե ոչ։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատները: Նարեկ Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին, իսկ Աղազարյանը հայտարարել` մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված որոշում կայացրել է, որը կհրապարակի նոյեմբերի 25–ին։ Մինչդեռ երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ հարցեր ունի պարզաբանելու ինքն իր հետ, դրանից հետո նոր կկողմնորոշվի։
«Երեկ` ժամը 14։45–ին, Մոսկվայից հեռախոսազանգ եմ ստացել իմ մանկության ընկերոջից, թե շատ կնեղանա ինձնից, եթե ես արձագանքեմ վարչապետի հրապարակային խնդրանքին` առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ նրա գալուն»,– այսօր ԱԺ–ում ասաց Աղազարյանը։
Հարցին, թե երբ է գալու ընկերը, Աղազարյանը պատասխանեց` այսօր երեկոյան ընկերը կասի այդ մասին։ «Կարող է` մի ամիս հետո գա, կարող է` մի տարի հետո գա»,– ավելացրեց պատգամավորը։
Աղազարյանը շեշտեց` ընկերն իր համար այն մարդն է, որին իրենց ավելի լավ մարդ ու տղա է համարում, դրա համար կսպասի նրա հետ հանդիպմանը։
«Ընկերս լավ ամուսին է, հայր է, իմ շրջապատն էլ գիտի իր նկատմամբ իմ վերաբերմունքը, որ ինքը լավ տղա է։ Դրա համար առանց իր հետ խորհրդակցելու ես չեմ կարող որևէ քայլ անել։ Ինքն ինձ համար բացարձակ հեղինակություն է»,– պարզաբանեց պատգամավորը։
Աղազարյանը նշեց, որ իրեն ճնշում են նաև իր այլ ընկերներ, որ արագ որոշում կայացնի` կա՛մ դնի մանդատը, կա՛մ մնա պատգամավոր։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, նա ասաց, որ շատ կուզեր, որ Սիմոնյանն իրեն սպառնար, քան այն, ինչ արեց իր գլխին։
Լրագրողի հարցրեց` վիրավորե՞լ է։ Աղազարյանը պատասխանեց. «Չէ՜, ուր էր, թե վիրավորեր, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով»։
Աղազարյանը նաև հիշեցրեց, որ իր բջջայինը հիմա քրեական գործի շրջանակում գտնվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։
«Հեռախոսս առգրավված է, մեջը ինչքան կոմպրոմատ ասես կա»,– կատակեց նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին։
Քյարամյանը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։
ՔԿ նախկին ղեկավարի հայտարարության վերաբերյալ ավելի ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մամուլը սկսեց գրել, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։