Նռնակով զինված տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել. ՔԿ-ն՝ Պտղնիի դեպքի մասին

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թղթի և ծխամորճի մեջ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Sputnik
Երեկ Պտղնի գյուղում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, նա ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պտղնի գյուղում տղամարդը փորձել է պայթեցնել մարտական նռնակը, սակայն ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան։
ՔԿ–ից հայտնում են նաև, որ վերոհիշյալ տղամարդը այդպիսի քայլի է դիմել, քանի որ չի ցանկացել բուժհաստատություն տեղափոխվել։
«Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը նռնակը ցած է դրել, որից հետո ապօրինի զենք և զինամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կոտայքի բաժին»,– նշվում է հաղորդագրությունում։
ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ մասի և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է նռնակ և նռնակի նմանվող առարկա, ինչպես նաև՝ թղթի և ծխամորճի մեջ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված և «Բելամորկանալ» տեսակի ծխախոտի կիսադատարկ գլանակներում կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել է դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական, իսկ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով՝ դատանյութագիտական համալիր փորձաքննություն: