ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը (ԱԱԵԻ) համագործակցություն է հաստատել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ հայտնում է ինստիտուտի տելեգրամյան ալիքը:
«ԱԱԵԻ-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում առաջին գործընկեր բուհի՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ: Հետագա համագործակցության շրջանակներում նախատեսվում է գիտակրթական գործընկերության զարգացում, համատեղ միջոցառումների իրականացում, հետազոտական և վերլուծական նախագծերի մշակում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առաջին մեծ նախագիծը կլինի 2025թ.հուլիսին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետի և Մոսկվայի պետական համալսարանի ԱԱԵԻ-ի համատեղ ամառային դպրոցը:
«Դպրոցի ծրագիրը նվիրված է լինելու արևելագիտության ամենաարդիական խնդիրներին և ուղղված է լինելու ինչպես մասնակիցների անհատական հետազոտական հմտությունների զարգացմանը, այնպես էլ Արևելագիտության երեք կենտրոնների միջև կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը», - նշվում է հաղորդագրության մեջ: