ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հունաստանը Հայաստանին Ս-300, Տոր-Մ1 և Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համակարգեր կփոխանցի։ Տեղեկությունը հայտնում է enikos.gr կայքը։
Հունաստանի իշխանությունները ծրագրում են դրանք փոխարինել իսրայելական արտադրության համակարգերով։
«Զինված ուժերի ղեկավարությունը հաստատակամ է իր որոշման մեջ` շարունակելու հին համակարգերի արմատական թարմացումը արևմտյան նոր տեխնոլոգիաներով։ Մեր տեղեկություններով` ազգային պաշտպանության գլխավոր շտաբը գտնվում է ռուսական արտադրության սպառազինության համակարգերը Հայաստանին տրամադրելու փուլում», – գրում է կայքը։
Ըստ լրատվամիջոցների՝ սա հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք։
«Կիևի փոխարեն Երևանին ուժեղացնելը Աթենքի համար ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով: Նախևառաջ դաշնակցային շատ սերտ կապերի և հատկապես ժամանակակից պատմության ընդհանուր պատմական իրադարձությունների և ընդհանուր կրոնական համոզմունքների պատճառով: Բացի այդ, ուժեղ Հայաստանը հիանալի հակակշիռ կլինի թուրքական անզիջողականությանը, որն ակնհայտորեն ուժեղացնում է Ադրբեջանին։ Չէ՞ որ ԼՂՀ դեպքերը դեռ թարմ են», – ասվում է հրապարակման մեջ։
ԶԼՄ–ն նշում է, որ հայերն ունեն ռուսական զենք օգտագործելու փորձ և անհրաժեշտ պահեստամասեր դրանք սպասարկելու համար, ինչը Հունաստանի զինված ուժերի ամենամեծ խնդիրն է, հատկապես վերջին տարիներին ուկրաինական հակամարտության բռնկումից և ՌԴ–ի դեմ ՆԱՏՕ–ի ու ԵՄ–ի սահմանած էմբարգոյից հետո։ Միևնույն ժամանակ Հունաստանն անվճար չի տրամադրի այդ զենքը։ Դրանց փոխարեն Աթենքը մտադիր է ձեռք բերել «David's Sling» համակարգեր, որոնք օժտված են մինչև 300 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով, 35-150 կմ հեռահարությամբ «Barak MX»–եր և 20-50 կմ հեռահարությամբ «Spyder»–ներ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին։ Ավելի ուշ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարեց, որ Հունաստանը կհամագործակցի Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության դասերը։