ՀԱՊԿ անվտանգության համակարգի կատարելագործման հիմնական ուղղությունները կորոշեն Աստանայում

Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Անվտանգության համակարգի հետագա կատարելագործման հիմնական ուղղությունները կորոշվեն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ ՀԱԽ նիստում կամփոփվեն կազմակերպության շրջանակներում այս տարվա փոխգործակցության արդյունքները, կորոշվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման հիմնական ուղղությունները։ Կլինի նաև արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաներով կարծիքների փոխանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 28-ին Աստանայում կկայանա նախ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ապա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը (գագաթնաժողով): Հայաստանը չի մասնակցի Աստանայում ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն չի առարկում, որ այդ հանդիպումներւմ նախատեսված փաստաթղթերն ընդունվեն։