Գործակալական աշխատանքի ցցուն դրսևորում. Դեմոյանը` Փաշինյանի համեմատության մասին

Հայկ Դեմոյանն ընդգծեց՝ միամտություն կլինի կարծել, թե զիջումները կարող են արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Sputnik
Երևան, 26 նոյեմբերի –Sputnik. Հավասարության նշան դնելով Բաքվի կողմից առաջ քաշվող «արևմտյան Ադրբեջան» եզրույթի և Արևմտյան Հայաստանի միջև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, սպասարկում է հայերի նկատմամբ ցեղասպան գործողություններ և էթնիկ զտումներ իրականացրած թշնամական պետության շահերը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ–որ մարդկանց գրգռում ենք»։
«Որպես գիտական աստիճան ունեցող անձ, պատմական գիտությունների դոկտոր, ես չէի ցանկանա մեկնաբանել պատմության զրոյական գիտելիքներ ունեցող, թերուս մարդու «պատմական ակնարկները»։ […] Ես պարզապես կարձանագրեի այս երևույթը որպես գործակալական աշխատանքի ցցուն դրսևորում։ Սա հայ ժողովրդի վրա տեղեկատվական-հոգեբանական-քարոզչական ազդեցության ադրբեջանական օպերացիա է, վարչապետ Փաշինյանը դրա կատարողն է։ Ընդ որում՝ հենց պարզունակ կատարող է, այլ ոչ թե իրականացնողը, կամ հրահանգողը, կամ ձևակերպողը»,-նշեց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով` հայտարարելով Արևմտյան Հայաստան տերմինի անտեղի լինելու մասին, ՀՀ կառավարության ղեկավարը հերքում է, որ այդ տարածքում հայ բնակչությունը ցեղասպանության է ենթարկվել և զրկվել հայրենիքից:
Կոլաբորանտը պոզով–պոչով չի լինում. ադրբեջանագետը` Փաշինյանի հայտարարության մասին
«104 տարի առաջ մեկ այլ երկրի նախագահի (ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի,– խմբ.) արբիտրաժային վճռով գծվել են Հայաստանի սահմանները։ Արևմտյան Հայաստանի սահման չի գծվել, գծվել են առհասարակ Հայաստանի սահմաններ։ Իսկ Փաշինյանն իր հայտարարությամբ ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է և պետք է ենթարկվի պատժի»,-պնդում է պատմաբանը։
Դեմոյանը խոստովանում է, որ Արևմտյան Հայաստան տերմինն իսկապես պատմաբաններն են մտցնել, սակայն դա չի չեղարկում այն փաստը, որ տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մի մասի մասին է, ինչպես էլ այն կոչվի։
Մեկնաբանելով հայկական իշխանությունների այն նարատիվը, թե այդ ռևերանսները մոտեցնում են «խաղաղության դարաշրջանը», Դեմոյանն ընդգծեց՝ միամտություն կլինի կարծել, թե զիջումները կարող են արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երբեք չի գնա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Միայն խելապակասը դրան կգնա։ Ալիևի ինչի՞ն է պետք խաղաղություն կնքել, երբ ի դեմս Հայաստանի ղեկավարի` իր տրամադրության տակ ունի բոլոր պահանջները կատարող անձի»,-եզրափակեց փորձագետը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փաշինյանի «համեմատական վերլուծությունը» խիստ քննադատության են ենթարկել ինչպես ընդդիմադիր քաղաքական գործիչները, այնպես էլ փորձագիտական հանրության ներկայացուցիչները:
«Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան