ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է Գյումրիում նախնական ընտրություններ կազմակերպել քաղաքապետի ժ/պ ընտրելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային տեսանյութում։
Նա տեղեկացրել է, որ նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։
«Կուսակցության վարչության հետ քննարկելով եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշում չի կարող լինել»,– ասել է նա։
Վարչապետը բացատրել է, որ այս որոշմանն է եկել, որպեզի ՔՊ անդամները համակիրները ու աջակիցները հնարավորություն ունենան ինքնաառաջադրվել կամ առաջադրեն թեկնածուներ Գյումու քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար։
«Դրանից հետո մենք գյումրեցիների շրջանում, իհարկե ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, որոշ դեպքերում` պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։ Արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար»,– հավելել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ հենց այդ ընտրված պաշտոնակատարն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածուն Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում։
Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։
Այս տարվա հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական տվեցին։ Ըստ այդմ, ավագանիում մեծամասնություն դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ՔՊ–ն առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին` պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Սակայն վերջինս թմրանյութերի պատմության կիզակետում հայտնվեց, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղարկեց նրան հետազոտության։ Չնայած տեղեկատվությանը, որ հետազոտության արդյունքները դրական են` Սարուխանյանը հերքեց այն։