ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Առաջիկա օրերին ամբողջ Հայաստանում սպասվում են տեղումներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Տեղումները պայմանավորված են հյուսիս-արևմուտքից ներթափանցող հզոր ցիկլոնով։
«Արդեն հիմա հանրապետության մեծ մասը այդ ցիկլոնի ազդեցության տակ է։ Մի շարք լեռնային մարզերում տեղում է ձյուն։ Նախալեռնային ու հովտային գոտիներում անձրև է, առանձին հատվածներում՝ ամպրոպ է»,– ասաց Սուրենյանը։
Նա տեղեկացրեց, որ ամբողջ գիշերը ՀՀ–ն գտնվելու է այդ ցիկլոնի ինտենսիվ հատվածում, ինչի արդյունքում առատ տեղումները կշարունակվեն։ Գիշերվա ընթացքում ձյուն կտեղա նաև նախալեռնային շրջաններում։
Ինչ վերաբերում է առաջիկա 10 օրվա եղանակին, ապա այն կլինի միջին կլիմայական նորմայի սահմաններում։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամերից մինչև նոյեմբերի լույս 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտիներում, նաև` Երևանի բարձրադիր հատվածում ձյուն կտեղա։ Առանձին վայրերում տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ին և 28-ին կնվազի 6-8 աստիճանով։