ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Հրաժարականի դիմում ներկայացնելու մասին վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին նշանակում է տապալել սահմանադրական կարգը և խարխլել պետության հիմքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
««Խնդրանք» բառն ընդամենը լրագրողական հնարք է, և բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե իրականում ինչ է պարունակում այդ «խնդրանքը»։ Եվ երբ որ գործադիր մարմնի ղեկավարը կարողանում է «խնդրանքով» դիմել իշխանության մյուս թևի ղեկավարին, դա նշանակում է, որ սահմանադրական կարգն այդ պահին տապալվեց»,– ասաց Վարդազարյանը։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթավերջին տված հարցազրույցում խոստովանեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին ինքն է հեռախոսային հավելվածով ուղարկված հաղորդագրությամբ «խնդրել» հրաժական տալ, այլ ոչ թե հրահանգել, պարտադրել կամ հորդորել, ինչպես տարածվել էր մամուլում։ Լրագրողի հարցը, թե` եթե Կարեն Անդրեասյանն, այնուամենայնիվ, չկատարեր Փաշինյանի խնդրանքը, ի՞նչ կլիներ հետո, վարչապետը մեծ հաշվով անպատասխան թողեց։
«Ես վառ օրինակ եմ խնդրանքը չլսելու արդյունքի։ Խնդրանքը չլսելու արդյունքը եղավ հորինված քրեական գործի հարուցումը և լիազորությունների դադարեցումը` նույնպես մտացածին հիմքով կան առանց հիմքի»,– նշեց ԲԴԽ նախկին նախագահը` հիշեցնելով իր պաշտոնանկությունը և միաժամանակ հստակեցնելով, որ իրեն, ի տարբերություն Կարեն Անդրեասյանի, «խնդրանքով» դիմել է ոչ թե անձամբ Փաշինյանը, այլ նրա անունից շուրջ 1 տասնյակ տարբեր մարդիկ` բառացի նշելով, որ դա վարչապետի պահանջն է։
Մեր զրուցակիցը վկայակոչում է ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածը, որի համաձայն ԲԴԽ–ն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ Սահմանադրության միայն այս հոդվածը և վարչապետի հարցազրույցում արված հայտարարությունը, ըստ Վարդազարյանի բավարար են, որպեսզի տեղի ունեցածը որակվի որպես սահմանադրական կարգի տապալում։
«Առաջին հերթին սա քաղաքական հետևանք է պահանջում, որից հետո քրեաիրավական հետևանք կլինի թե ոչ, դա արդեն հաջորդ իշխանություններից է կախված։ Բայց որ քաղաքական գնահատական լինելու է, դա միանշանակ է»,– կարծում է ԲԴԽ նախկին ղեկավարը։
Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, Ռուբեն Վարդազարյանը կանխատեսում է, որ ԲԴԽ նխագահի պաշտոնանկության հանգամանքները ինչ–որ ձևով կլղոզվեն, և դատավորները կշարունակեն աշխատել «վախի ու ստրկացման մթնոլորտում»։
Հիշեցնենք` կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 18-ին ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։ Հրաժարական ներկայացրին նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2022 թվականի հոկտեմբերի 7–ին։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր 2027թ–ին։