Լիբանանում հրադադար պետք է հաստատվի առանց որևէ պայմանի. Եգիպտոսի ԱԳՆ

Լիբանան
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը նախապես հավանություն է տվել «Հզբոլլահ» շարժման հետ Լիբանանում հրադադարի վերաբերյալ առաջարկված համաձայնագրին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում և Լիբանանում հրադադար պետք է հաստատվի առանց որևէ պայմանի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի Գազայում ու Լիբանանում հրադադարի հասնենք, բայց, ինչպես գիտեք, մեզ անհրաժեշտ է մյուս կողմի քաղաքական կամքը․․․ Հրադադարը պետք է հաստատվի առանց որևէ պայմանի»,-ասել է նա:
Նոյեմբերի 24-ին «Ynet» կայքը, հղում անելով իսրայելական, ամերիկյան և լիբանանյան աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը նախնական հավանություն է տվել «Հզբոլլահ» շարժման հետ Լիբանանում հրադադարի համաձայնագրին, որը հիմա պետք է կառավարության վերջնական հավանությունը ստանա։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը: