Իսրայելը և Լիբանանը դեռևս չեն համաձայնեցրել հրադադարի մասին համաձայնագիրը. Դանոն

Իսրայելի մշտական ներկայացուցչի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Իսրայելն ու Լիբանանը դեռևս չեն համաձայնեցրել հրադադարը, որը նպատակ ունի վերջ դնել հրեական պետության և «Հզբոլլահ» շարժման միջև հակամարտությանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը։
«Մենք առաջ ենք շարժվում այդ ուղղությամբ... դեռ չենք ավարտել այն (համաձայնագիրի կազմումը, - խմբ.), բայց մենք առաջ ենք գնում», – ասել է Դանոնը։
Հակամարտող կողմերը դեռևս չեն հայտարարել համաձայնության հասնելու մասին, սակայն վերջին օրվա ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի տարբեր լրատվամիջոցներ հաղորդել են համաձայնության հասնելուն մոտ լինելու և վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ հրադադարի պայմանների շուրջ իբր նախնական համաձայնության մասին:
Լիբանանում հրադադար պետք է հաստատվի առանց որևէ պայմանի. Եգիպտոսի ԱԳՆ
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ խաղաղ բնակիչներից բացի զոհվել են շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում՝ չդադարեցնելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: