ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակվածության ցուցանիշներն ավելացել են․ քանի՞ դեպք է հայտնաբերվել 2024-ին

Հետազոտություն
ՄԻԱՎ-ով վարակվածության ամենաբարձր տարածվածությունը Շիրակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – SputnikՀայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերը վերջին տարիներին ավելանում են, և այս տարի (մինչև հոկտեմբերի 31-ի տվյալներով) արդեն 462 անձի մոտ է հայտնաբերվել հիվանդությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը։
Նշենք, որ 1988 թվականից դեկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը։ Այսօր ստեղծված է այն դեղորայքը, որով հնարավոր է բուժել ՄԻԱՎ-ը, և անձը կարող է առանց վարակը տարածելու ապրել։ Դրանից զատ, ՄԻԱՎ-ով հիվանդ անձինք կարող են առողջ երեխաներ ունենալ։
Վարակվածության դեպքերն ավելացել են ոչ միայն ՀՀ-ում, այլևս ամբողջ աշխարհում։

«Մեր երկրում 2024 թվականի ընթացքում հետերոսեքսուալ ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը 81% են կազմում (նախկինում, ըստ 30 տարվա միջին ցուցանիշի, եղել է 76%), իսկ հոմոսեքսուալ ճանապարհով վարակվածների թիվը 12% է (նախկինում` 7%)։ Թմրամիջոցների ներարկային օգտագործման դեպքում վարակվածությունը կազմում է 6% (նախկինում` 14%), իսկ 0,5% դեպքերում մորից է երեխային փոխանցվում կամ անհայտ ճանապարհով»,- նշեց Մերգելյանը։

Նրա խոսքով՝ նախկինում թվային պատկերը մի փոքր այլ էր։ Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակման առաջին դեպքից (1988 թ․) մինչ 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 6076–ի դեպք, ևս 438 դեպք օտարերկրացիների մոտ։ Այս պացիենտների 70%-ն արական սեռի ներկայացուցիչներ են, վարակի շուրջ 48%-ը հաստատվել է 25-39 տարեկան անձանց շրջանում, որոնք ակտիվ վերարտադրողական փուլում են։
Մերգելյանի խոսքով` այս տարի միջոցառումներն ուղղվել են դեպի մարզեր, քանի որ մարզային բաշխվածությունն էլ շատ են կարևորում ու ցանկանում են մարդկանց ավելի շատ իրազեկել։ Պարզվել է, որ 100 000 բնակչի հաշվարկով ՄԻԱՎ-ով վարակվածության ամենաբարձր տարածվածությունը Շիրակում է։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանն էլ ընդգծեց՝ որքան շատ են դեպքեր հայտնաբերում, այնքան պարզ է դառնում, որ մարդիկ չեն վախենում ու հետազոտվում են։
«Նպատակային հետազոտությունների շնորհիվ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում։ Խորհուրդ է տրվում առաջնահերթ ՄԻԱՎ ստուգում անցնել այն անձանց, որոնք անպաշտպան սեռական հարաբերություն են ունեցել անհայտ կարգավիճակով անձի հետ։ Խոցելի խմբում են նաև ներարկային տարբերակով թմրանյութ օգտագործող անձինք, նրանց էլ է խորհուրդ տրվում անցնել այս ստուգումները։ Հաջորդ կարևոր խումբն աշխատանքային միգրանտներն են, որովհետև հիվանդների գրեթե կեսը հենց արտագնա աշխատանքի ժամանակ են վարակվում»,- ասաց Արզաքանյանը։
Նա նշեց, որ ՄԻԱՎ–ը գաղտնի շրջան է ունենում, ու դա կարող է տևել մինչև 10 տարի, բայց վաղ հետազոտման փուլում հնարավոր է այն բացահայտել նաև 1 ամիս անց։
Բժիշկը հիշեցրեց՝ ՄԻԱՎ հետազոտությունները, ախտորոշումն ու հետագայում նաև բուժումը Հայաստանում իրականացվում է անվճար հիմունքներով։ Խոսքը ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև այդ պահին Հայաստանում գտնվող օտարերկրացիների մասին է։ Անձինք կարող են այս հետազոտություններն անցնել անանուն տարբերակով և իմանալ իրենց կարգավիճակը, բայց բուժման անհրաժեշտության դեպքում արդեն անձի ինքնությունը պետք է հայտնի լինի բուժման և խնամքի ծառայությունում։
ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանն էլ ընդգծեց՝ պետք է գնալ ՄԻԱՎ-ի ապադեմոնիզացիայի ճանապարհով։
Նրա խոսքով՝ հիվանդությունը հնարավոր է կանխարգելել. բուժման շատ ճանապարհներ կան։ Պետրոսյանը հորդորեց քաղաքացիներին ՄԻԱՎ-ն ընկալել որպես միջին վիճակագրական հիվանդություն ու հիվանդ անձանց էլ զերծ պահել խարանից։
Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը