ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կարմիր ծովում խորտակված զբոսանավում եղած անձանցից 28–ը փրկվել են, 17-ը` անհետ կորել, որոնումները շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում են տեղական իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զբոսանավը, որում եղել է ավելի քան 30 զբոսաշրջիկ, խորտակվել է Եգիպտոսի Մարսա Ալամ քաղաքից հյուսիս գտնվող Շաաբ Սատայա շրջանում, նավում եղել է 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ:
Փրկարարական գործողությանը ներգրավվել են ռազմածովային ուժերն ու մեկ ուղղաթիռ։
Որոնողական աշխատանքներին խանգարում է այն հանգամանքը, որ այդ տարածքում շատ են շնաձկները։
«Sea Story» զբոսանավը պատրաստվել է 2022 թվականին, երկարությունը 43,8 մ է և կարող է տեղափոխել մինչև 32 ուղևոր:
Ըստ տեղեկությունների` զբոսանավը Մարսա Ալամ քաղաքի Պորտ Գալիբ նավահանգստից ուղևորվում էր Հուրգադա։