ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանն անընդհատ ստիպված է լինում պատասխանել աննախադեպ էսկալացիային, որը հրահրում է հեռացող ամերիկյան վարչակազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինի մասին։
«ՌԴ նախագահ Պուտինը ստիպված է պատասխանել այն աննախադեպ էսկալացիային, որն առաջին հերթին հրահրում է Վաշինգտոնի հեռացող վարչակազմը։ Դա ստիպված ենք անել անընդհատ», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամեն անգամ ավելի անխոհեմ քայլեր է անում՝ լարվածություն հրահրելով Ուկրաինայի հակամարտության շուրջ։
Պեսկովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի միջուկային դոկտրինի նորացման մասին ՌԴ նախագահի հրամանագիրը կարելի է գնահատել որպես ազդանշան Արևմուտքին:
«Անշուշտ, այստեղ ոչ մի պատահականություն չկա։ Կա որոշակի օրինաչափություն», - ասել է նա։
Նոյեմբերի 19-ին հրապարակվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը հաստատում է միջուկային զսպման նորացված սկզբունքները: Դրա հիման վրա ընդլայնվել է միջուկային զենքի կիրառման հիմքերի ցանկը։
Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից ATACMS հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: ԵՄ ներկայացուցիչները հստակեցրել են, որ խոսքը 300 կիլոմետր շառավղի մասին է։
Նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը վեց ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով հարվածել են Բրյանսկի մարզի տարածքում գտնվող ռազմական օբյեկտին։ Սակայն Ուկրաինայի Գլխավոր շտաբը չի հաստատել այդ հարձակման մեջ ATACMS-ի օգտագործումը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման որոշումները լարվածության նոր փուլ է անվանել: Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս հնչեցրել է Ռուսաստանի դիրքորոշումը. Արևմուտքի երկրների ուղղակի մասնակցությունը հակամարտությանը կընկալվի որպես դրա էության փոփոխություն: Ի պատասխան՝ Ռուսաստանը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել, որոնք կհամապատասխանեն ստեղծվող սպառնալիքներին։