Մենք կհասնենք կայունության․ Տիկնիզյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլիստը նշել է, թե ամենաշատն ինչ է հարկավոր Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, ավելի լավ ներկայանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը վստահ է՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել կայունության։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է Metaraitings.ru-ին տված հարցազրույցում։
«Ավելի կայուն և լավ խաղալու համար մեզ կառուցված համակարգ է հարկավոր։ Պետք է լինեն պահանջներ և այդ պահանջները կատարողներ։ Վստահ եմ, որ ընտրական խաղերում մենք կհասնենք դրան՝ նոր, մշտական մարզչական շտաբի գլխավորությամբ։ Դրանից հետո մեր արդյունքները, տա Աստված, կբարելավվեն»,- ասել է Տիկնիզյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային և դրանով իսկ զրկվեց C լիգայի 4-րդ խմբում առաջին տեղի համար պայքարից։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, Red Eagles և ՖԱՖ շարուժումները հրաժարականի պահանջով միասնական երթ–ակցիա էին իրականացրել նաև այդօրվա հանդիպումից առաջ։ Նրանք կարծում են, որ Մելիքբեկյանի հրաժարականն անխուսափելի է։
Ավելի վաղ նշված շարժումների ակցիաներից բացի ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջել են նաև «Ուրարտու», «Փյունիկ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները։
Ֆուտբոլային 4 ակումբ էլ` «Արարատ», «Ալաշկերտ», «Սյունիք» և «Վեստ Արմենիա», իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ՀՖՖ նախագահին։ Նրանք բոլորը 2023 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում իրենք սատարել են ՀՖՖ գործող նախագահին և քվեարկել նրա օգտին։
«Նոա» ֆուտբոլային ակումբն իր հերթին կոչ է արել հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում տեղեկություն է շրջանառվում, որ գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը։