Հայաստանում 14 երեխայի ալոգեն փոխպատվաստում է արվել․ 6-ն աֆրիկացի փոքրիկներ են

2021 թվականից Հայաստանում իրականացվում է երեխաների ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ Այս թանկ ու բարդ միջամտությունն արյան բարորակ որոշ հիվանդությունների բուժման միակ եղանակն է, իսկ լեյկոզների դեպքում՝ բուժման մի փուլ։
Sputnik
3 տարի առաջ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում առաջին անգամ իրականացվեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ Բուժառուն Աֆրիկայից էր՝ 5-ամյա Ստեֆանին, դոնորը՝ նրա երկվորյակ քույրը։ Երեխայի մոտ ախտորոշված էր մանգաղաձև բջջային սակավարյունություն (հիվանդությունը տարածված է Աֆրիկայում, Հայաստանում այն չի հանդիպում)։ Միջամտությունը լավ անցավ, բարդացումները կառավարելի էին։
Ստեֆանին երկվորյակ քրոջ հետ
Ստեֆանին արդեն 8 տարեկան է, ընտանիքը վաղուց Նիգերիա է վերադարձել, բայց շարունակում է մշտական կապ պահել բժիշկների հետ, լուսանկարներ ուղարկել։ Ստեֆանիից հետո ևս 5 աֆրիկացի փոքրիկների ալոգեն փոխպատվաստում արվեց։ Դրանից հետո այս թանկ ու բարդ միջամտությունն իրականացվեց նաև հայ 8 փոքրիկների համար։ Բայց եթե աֆրիկացի երեխաների դեպքում բժիշկները գործ ունեին արյան բարորակ հիվանդությունների հետ, հայ երեխաներին սուր լեյկոզ՝ արյան քաղցկեղ էր ախտորոշված։
Ստեֆանին քրոջ և հարազատների հետ
Մանկական փոխպատվաստման պատասխանատու բժիշկ, հեմատոլոգ Լուսինե Քրմոյանը հիշեցնում է՝ մեր երկրում երեխաներին աուտոփոխպատվաստումն արվում է 2018 թվականից։ Բացատրում է՝ եթե աուտոփոխպատվաստման դեպքում դոնորն ու բուժառուն նույն անձն են, այսինքն՝ վերցվում են ցողունային բջիջները, պատրաստվում, սառեցվում ու կիրառում՝ երբ ժամանակը գալիս է, ապա ալոգեն փոխպատվաստումը բարդագույն միջամտություն է։ Այս դեպքում ցողունային բջիջներ են հավաքագրում այլ անձից՝ դոնորից, ու ներարկում բուժառուին՝ ակնկալելով, որ դրանք կսերտաճեն ու իրենց նպատակին կծառայեն։ Ամեն բուժառուի մոտ ընթացքն անհատական է։
Լուսինե Քրմոյան
«Մեզ համար ամենաօպտիմալ տարբերակն այն է, երբ որպես դոնոր հանդես է գալիս sibling-ը, այսինքն՝ հարազատ քույրը կամ եղբայրը։ Այդ դեպքում միջամտությունից հետո հնարավոր բարդություններն ավելի քիչ են լինում։ Սակայն մեզ մոտ մի քանի անգամ նաև ծնողն է որպես դոնոր հանդես եկել (haplo)»,- ասում է մասնագետը։
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկները
Որոշ հիվանդություններ կան, երբ դոնորը կարող է լինել ոչ արյունակից, բայց համատեղելի անձ։ Մեզ մոտ նման փորձ դեռ չի կիրառվել։

Ինչպե՞ս և ինչու՞ մեր երկրում ալոգեն փոխպատվաստման ծրագիրը սկսվեց աֆրիկացի փոքրիկներից

Իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլքներն աշխատում էր տարբեր երկրների հետ՝ Հնդկաստան, Աֆրիկա։ Տարիներ առաջ նա այցելեց «Յոլյան», տեսավ կենտրոնի հնարավորություններն ու մասնագիտական ներուժը, առաջարկեց ևս մեկ վերապատրաստում անցնել և ալոգեն փոխպատվաստում իրականացնել Հայաստանում։ Cure2Children բարեգործական հիմնադրամը քանի որ աշխատում էր աֆրիկացի երեխաների հետ, տիպավորում իրականացնում, դոնոր փնտրում ու գտնում, Հայաստանում այլևս դոնորի համապատասխանությունը ստուգելու կարիք չկար։ Երեխաները դոնորների հետ ժամանեցին մեր երկիր։
«Նրանք բոլորն ունեին արյան ժառանգական՝ ոչ ուռուցքածին հիվանդություններ»,- նշում է բժշկուհին։
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետը աֆրիկացի բուժառուներից մեկի հետ
Հաջողված փորձից հետո որոշում կայացվեց նաև հայ փոքրիկների ալոգեն փոխպատվաստում իրականացնել։
«Որոշ հիվանդությունների դեպքում` ինչպես, օրինակ, արյան համակարգի բարորակ հիվանդություններ, իմունահամակարգի բնածին դեֆեկտներ, սա միակ բուժման եղանակն է, այլ ոչ թե այլընտրանքային, իսկ չարորակ հիվանդությունների դեպքում, ըստ բժշկի ցուցման, բուժման շարունակություն է։ Մինչև փոխպատվաստումը կան բազմաթիվ էտապներ, որոնց աստիճանական պետք է հասնել, գնահատել և նոր գնալ փոխպատվաստման»,- ասում է մանկական արյունաբան Մանե Գիժլարյանը։
Մանե Գիժլարյան
Հայ երեխաների դեպքում նախապես ագրեսիվ քիմիաթերապևտիկ բուժում է իրականացվել, արյունաստեղծումը զրոյացվել է, դրանից հետո իրականացվել է փոխպատվաստումը։
«Այս պահին էլ ունենք հիվանդներ, որոնց ցուցումը կա, բայց մինչ այդ պետք է հիվանդության ռեմիսիա լինի (հիվանդության ախտանիշների ժամանակավոր թուլացում)»,- նշում է բժշկուհի Գիժլարյանը։
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները աֆրիկացի բուժառուներից մեկի հետ
Բժիշկները նշում են՝ փոխպատվաստումից հետո ամենառիսկայինն առաջին 100 օրերն են (14 երեխաներից միայն երկուսը 100 օրերը չեն հաղթահարել՝ 1-ը աֆրիկացի, 1-ը՝ հայ), դրանից հետո ռիսկը չի վերանում, բայց զգալիորեն նվազում է։ Փոխպատվաստման դեպքում ոչ միայն կոնկրետ հիվանդության դեմ ես պայքարում, այլև փոխպատվաստումից հետո առաջացած բարդությունների։
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները
Ասելու համար, որ փոխպատվաստումն անցել է հաջող, 1,5-2 տարի ժամանակ է պետք: Բարեբախտաբար, նշում են բժիշկները, այդպիսի երեխաներ կան, և սա ձեռքբերում է երկրի համար. այսօր ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում աշխարհի ոչ բոլոր երկրներում է իրականացվում։
«Հաջողությամբ իրականացված միջամտությունը երջանկություն ու հաղթանակ է ամբողջ թիմի համար։ Մենք հիվանդի հետ մի ամբողջ պրոցես ենք անցնում, բոլորս միասին ենք պայքարում, դա շատ դժվար է»,- նշում է Գիժլարյանը։
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները
Սա ոչ միայն թանկ միջամտություն է, այլև տարբեր թիմերի, կառույցների ու նաև պետության համակարգված աշխատանքի արդյունք։ Մեր երկրում տարեկան 6-7 երեխա ալոգեն փոխպատվաստման կարիք է ունենում։ Հայաստանում միջամտության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մի մասը տրամադրում է պետությունը, մյուս մասը հավաքագրվում է «Սիթի օֆ Սմայլի» իրականացրած դրամահավաքների արդյունքում։
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն