Քյարամյանը ցուցմունք է տվել Աղազարյանի որդու գործով. «Ժողովուրդ»

ՔՊ–ական պատգամավորի որդին մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ–ի վերադարձ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը ցուցմունք է տվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և ասել, թե ՔՊ–ական Հովիկ Աղազարյանի որդու մեքենաներն ինչի համար են գտնվում արգելանքի տակ: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր որդու ներկրած ավտոմեքենաները արգելանքից հանելու հարցով երկու անգամ միջնորդավորված դիմել է Քյարամյանին։
«Օգտվելով օրենքի բացից` մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ–ի վերադարձ, որը անօրինականություն է. հենց դրա համար են Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում արգելանքի տակ»,– Ասել է Քյարամյանը:
Այս իրավիճակում, ըստ ԶԼՄ–ի հրապարակման, Աղազարյանը ենթադրաբար խախտել է «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի երկու դրվագով սահմանված արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու և խոչընդոտելու արգելքը:
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։
Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ ավել ուշ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հավելենք, որ Արգիշտի Քյարամյանն արդեն հրաժարական է տվել, իսկ Հովիկ Աղազարյանը, հնարավոր է, վայր դնի պատգամավորական մանդատը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման խնդրանքով դիմել է նրան։ Աղազարյանն այսօր Sputnik Արմենիային ասաց, որ իր որոշման մասին կհայտնի նոյեմբերի 25–ին` ժամը 18։00–ին։