Ուկրաինայից Ռուսաստան են վերադարձվել Կուրսկի մարզի 46 բնակիչներ, որոնց ուկրաինական զինված խմբավորումները դուրս էին բերել օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքում այսօր Ռուսաստան է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ», - գրել է նա Telegram–ում:
Բնակիչներին ուկրաինական զինված կազմավորումները Կուրսկի մարզի տարածքից դուրս էին բերել օգոստոսին տեղի ունեցած զինված հարձակումից հետո:
«Այս մարդասիրական ակցիան հնարավոր է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի, հատուկ ծառայությունների, Բելառուսի իրավասու պետական մարմինների հետ փոխգործակցության շնորհիվ։ Սերտ կապի մեջ ենք եղել Կուրսկի մարզպետ Ալեքսեյ Սմիրնովի հետ։ Հատկապես կարևոր դեր է ունեցել ԿԽՄԿ-ն, որն արձագանքել է սննդի, իրերի, տրանսպորտի տրամադրման ցանկացած խնդրանքի», - հավելել է հանձնակատարը։
Մոսկալկովան հստակեցրել է, որ Ռուսաստան վերադարձած քաղաքացիների թվում կա անվասայլակով հաշմանդամ, 12 երեխա, որոնցից մեկը նորածին է, մյուսը՝ երեք տարեկանից փոքր:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։