ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՌԴ կառավարությունը մտադիր է վաղաժամկետ վերացնել բենզինի արտահանման արգելքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ համապատասխան փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա օրերին: Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Կհանվի, հիմա փաստաթղթերը նախապատրաստվում են։ Առաջիկա օրերին: Դժվար է ասել՝ դեկտեմբերի 1-ից, թե [այլ ամսաթվից կհանվեն սահմանափակումները]»,-հստակեցրել է Նովակը՝ պատասխանելով արգելքի չեղարկման կոնկրետ ամսաթվի մասին հարցին։
Ավելի վաղ Նովակը նշել էր, որ բենզինի արտահանումը հնարավոր կլինի ներքին շուկայում դրա ավելցուկի դեպքում։ Նրա խոսքով՝ գլխավոր առաջնահերթությունը մնում է ներքին կարիքների ապահովումը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում գործում է բենզինի արտահանման արգելք մինչև 2024 թվականի ավարտը։ Նման սահմանափակումներ արդեն կիրառվել էին մարտի 1-ից օգոստոսի 31-ը, սակայն մայիսի վերջից հուլիս ընկած ժամանակահատվածում արտահանումը ժամանակավորապես թույլատրվեց ներքին շուկայի բավարար հագեցվածության պատճառով։
Բացի այդ, նմանատիպ միջոց կիրառվել է 2023 թվականին՝ սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը, սակայն այն ժամանակ սահմանափակումները տարածվում էին նաև դիզելային վառելիքի վրա։