ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ՀՀ շատ համայնքներում կառավարության սուբվենցիոն ծրագրերով վերանորոգված փողոցների կամ մայթերի ներկա վիճակից։
ՀՀ կառավարության նիստում նա նշեց, որ շատ համայնքներում տեսել է, որ վերանորոգված մայթերին տոննայով ավազ է բեռնաթափած կամ ինչ–որ մեկի պապի 1961 թ–ի մեքենայի կմախքն է դրված, որով խոչընդոտվում է հոտիոտների քայլելը։
«Տեղի մարզպետը, համայնքապետը, ավագանու անդամներն ինչո՞վ են զբաղված, ինչի՞ց են վախենում. վախենո՞ւմ են այդ պապու թոռան ձայնը կորցնել ընտրությունների՞ն, դրա համար նկատողություն չե՞ն անում։ Մեզ ձայնը պետք է, որ տանենք, մայթերը քանդե՞նք, թե՞ սարքենք։ Ընդհակառակը, մերկանտիլ քաղաքական հաշվարկով մի բան ասեմ` երբ գնում ենք, այդ 7 կռազ ավազը մաքրել ենք տալիս, մի մարդու ձայն կորցնում ենք, 100 մարդու ձայն շահում ենք, քանի որ մարդն ասում է` փաստորեն այստեղ պետություն կա, օրենք կա, կարգուկանոն կա»,– հայտարարեց նա։
Փաշինյանը զգուշացրեց` պատահական մտնելու է որևէ համայնք ու եթե այդտեղ` մայթերին, աղյուս, ավազ, բետոն տեսավ, դա արդեն խնդիր կլինի։
«Հարգելի՛ նախարարներ, մարզպետներ, շրջեք, նայեք, չեմ ասում` գնացեք, միանգամից ոստիկանությունով, հատուկ նշանակության ջոկատով, մասկեքով մարդկանց վրա տվեք. նախ պետք է խնդրել, ասել` մի՛ արեք, ժողովուրդ ջան, քանի որ և՛ տրամաբանական է, և՛ բարոյական է այն, ինչ մենք ակնկալում ենք։ 3–րդ, 4–րդ անգամ արդեն հարկադրանքի միջոց պետք է կիրառվի և վարչական միջոցներ ձեռնարկվեն, քանի որ դա ընդհանրապես անհարգալից է մարդկանց նկատմամբ, որոնց միջոցներով այդ ճանապարհները կառուցվել են»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նա նշեց, որ զուգահեռ մի աղյուսակ է երևի պահելու` նշելու համար առաջիկա մեկ տարվա ընթացքում փողոցների վրա ենթադրվող փոսերի թիվը, բեռնատարների ժանգոտած թափքերի թիվը, քարերի կույտերի թիվը, ավազի թիվը և այլն։