ՀՀ կառավարությունը կրճատում է ԼՂ–ից տեղահանվածների դրամական օգնությունը

Կառավարության այս որոշումն ընդունվել է միաձայն, թեև Արցախից տեղահանվածների մեծ մասն այս դեպքում կմնա առանց ապրուստի միջոցի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կրճատում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց դրամական օգնությունը՝ չնայած այն բարդ իրավիճակին, որում կհայտնվեն անօթևան և աշխատանք չունեցող մարդիկ։
ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ 2023 թ. հոկտեմբերից մեկնարկած աջակցության միջոցառումը, որով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար 40+10 հազար դրամ էր տրամադրվում, կշարունակվի նաև մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը ներառյալ։
ԼՂ–ից Հայաստան 2020 թ. տեղափոխված ուսուցիչները ևս կօգտվեն պետական աջակցության ծրագրից
Նախարարի խոսքով` 2025 թ–ին ևս կշարունակվի աջակցության ծրագիրը, սակայն այն արդեն զգալիորեն կկրճատվի և հասանելի կլինի մարդկանց կոնկրետ խմբերի համար։
Այսպիսով` 2025 թ. հունվար–մարտ ամիսներին ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց դրամական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ։ Նախարար Մկրտչյանը մանրամասնեց` նրանք, ովքեր ունեն անշարժ գույք (նրանց թիվը 4 899 է), կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազար դրամները չեն ստանա։
2025 թ. ապրիլ–հունիսին 40 հազար դրամ աջակցություն կստանան առանձին խմբերի անձինք` մինչև 18 տարեկան երեխաները, պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած երեխաները, 63 և ավելի տարիք ունեցող անձինք, կերակրողին կորցրածները, 1–ին և 2–րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։
ԼՂ տեղահանվածներին տրվող 40 + 10000 դրամ աջակցության ծրագիրը որոշ չափով կվերանայվի
2025 թ. հուլիս–դեկտեմբեր ամիսներին այս խմբերը կշարունակեն աջակցություն ստանալ, սակայն 30 հազարի չափով։
Մկրտչյանի տեղեկություններով` 18–60 տարեկան 25 հազարից ավելի տեղահանվածներ ՀՀ–ում անցել են աշխատանքի կամ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։
Նախարարի խոսքով` 13 ամսվա ընթացքում աջակցության ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից ավելի քան 75 մլրդ 300 մլն դրամ է ծախսվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշման այս նախագիծը խիստ քննադատել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։