Հայ զինվորական ըմբիշները շարունակում են մեդալներ նվաճել. օր երկրորդ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ներկայում ՀՀ ԶՈւ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում` 4-րդը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության 2-րդ օրը ՀՀ ԶՈւ հավաքականի անդամները շարունակում են մեդալներ նվաճել։
55 կգ քաշային կարգում զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նա մենամարտել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակից հետ։
72 կգ քաշային կարգում հանդես եկող Շանթ Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել` մենամարտելով Շվեյցարիայի ներկայացուցչի դեմ։ Հայ մարզիկներից Սամվել Գրիգորյանն էլ է (82 կգ) բրոնզե մեդալ է նվաճել` հաղթելով Ղազախստանի Հանրապետության մասնակցին։
Բրոնզե մեդալակիրների շարքը համալրեցին նաև ժամկետային զինծառայողներ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը 12։2 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության ներկայացուցչին, ու Արման Ավագյանը (79 կգ), որը հաղթեց Իտալիայի մասնակցին 7։4 հաշվով։
Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել
Ըստ պաշտպանության նախարարության տվյալների, այս պահի դրությամբ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈւ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում` 4-րդը:
Նշենք, որ առաջնության առաջին օրը հայ մարզիկները 6 մեդալ են նվաճել` 3 ոսկե և 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունն անցկացվում է Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մրցումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի 21 երկրներից՝ Ալբանիայից, Սաուդյան Արաբիայից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Կոլումբիայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թունիսից, Թուրքիայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից և Հայաստանից:
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-22-ը: