Գործ կա, բայց ոչ բոլորի համար. ինչ ցույց տվեց ԼՂ–ից տեղահանվածների համար բացված տոնավաճառը

Արցախից տեղահանվածներն աշխատանքի տեղավորման լուրջ դժվարություններ ունեն ՀՀ–ում։ Եվ եթե ծառայությունների ոլորտի մասնագետներն աստիճանաբար կարողանում են աշխատանք գտնել, ապա պետական կառույցների նախկին աշխատակիցները շատ ավելի լուրջ խոչընդոտների են բախվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածների համար շարունակում է սուր խնդիր մնալ ոչ միայն կացարանը, այլև աշխատանքը։ Ավելի քան մեկ տարի է անցել 2023 թվականի իրադարձություններից, երբ շուրջ 110 հայեր ստիպված եղան լքել իրենց տները, բայց այս ճգնաժամի հետ կապված առանցքային մարտահրավերներն այդպես էլ չեն հաղթահարվել։ Իշխանությունների վերջին` տեղահանվածներին տրվող ֆինանսական օգնությունը կրճատելու մասին որոշումն ավելի է սրում իրավիճակը։
Արցախից տեղահանվածների աշխատանքի հարցը համակարգային լուծում է պահանջում։ Այնպիսի տոնավաճառները, ինչպիսին է «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ»-ը, անշուշտ օգնում են. ավելի քան 40 ընկերություններ մոտ 200 աշխատատեղ են առաջարկում։ Բայց ձեռնարկվող քայլերը չեն կարող բավարարել բոլորի կարիքները։
Առանձնակի դժվարությունների են բախվում նախկինում պետական կառույցներում աշխատած անձինք։
«Այստեղ շատ դժվար է աշխատանք գտնել։ Լեզվական խոչընդոտը, քաղաքացիության բացակայությունը և պարզապես այն զգացողությունը, որ մենք օտար ենք յուրայինների մեջ, վերածվում է լուրջ խնդիրների», - ասում է Լեռնային Ղարաբաղի դատախազության նախկին աշխատակից Իզաբելա Աբրահամյանը։
Միաժամանակ նա չի պատրաստվում Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որովհետև դա անարդար որոշում է համարում։
«Ես նույն անձնագիրն ունեմ, ինչ Հայաստանի ցանկացած բնակիչ։ Կրկին քաղաքացիություն ստանալու պահանջը նման է ամբողջ անցյալդ ջնջելուն», - բացատրում է նա:
Ավելի սուր խնդիրների է բախվում Արցախի մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Հարությունյանը: Նրա եկամուտները հազիվ են բավարարում նվազագույն կարիքները հոգալուն. 70 հազար դրամ թոշակն ու 50 հազար դրամ պետական օգնությունը չեն փակում անգամ բնակարանի վարձակալության գումարը, որն ամսական 150 հազար դրամ է։
«Ես դեռ ուզում եմ աշխատել, կիրառել իմ գիտելիքներն ու փորձը, բայց հարմար աշխատանք գտնելը շատ դժվար է», - ասում է Կարինե Հարությունյանը:
Նրա խոսքով` գործազրկությունը շատերին ստիպում է մտածել արտագաղթի մասին. «Ուղղակի այլ ելք չի մնում»:
Նմանատիպ դժվարությունների է բախվում աշխատանքի տոնավաճառ եկած Կարեն Առաքելյանը։
«Ես մեծ ընտանիքի տեր եմ, շատ խնդիրներ ունենք։ Ամենալավն այն աշխատանքն է, որը կա: Առանց դրա չես կարող ապրել», - խոստովանում է նա։
Այս պատմությունները ցույց են տալիս, թե որքան սուր է զբաղվածության հարցը:
Լուծումներ գտնելու համար անցկացվող միջոցառումներից մեկն էլ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» աշխատանքի տոնավաճառն է։ Ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը պարզաբանում է, որ նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս Լեռնային Ղարաբաղում, իսկ 2023 թվականի իրադարձություններից հետո շարունակվել Հայաստանում:
«Մենք արդեն օգնել ենք ավելի քան 800 մարդու։ Ծրագրի ավելի քան 100 շահառուներ աշխատանք են գտել, իսկ շատերը ստացել են նոր հմտություններ կամ կատարելագործել կարողությունները», - նշում է նա։
Կազմակերպիչները լավատես են. տոնավաճառներ կանցկացվեն նաև Հայաստանի այլ մարզերում, այդ թվում՝ Տավուշում և Կոտայքում: Հաջորդ միջոցառումը նախատեսված է Երևանում դեկտեմբերի 11-ին: Ծրագրի հիմնական նպատակն է գործատուների և տեղահանվածների միջև ուղղակի կապ հաստատելը` արցախցիներին օգնելով ոչ միայն հարմարվել, այլև գտնել իրական աջակցություն:
Տեղահանված անձանց պետական օգնության կրճատումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում առանց այն էլ խոցելի վիճակում գտնվող մարդկանց համար։ Այժմ շուրջ 100 հազար մարդ ամսական 50 հազար դրամ նպաստ է ստանում, որից 40 հազարը՝ բնակարանի վարձակալության, 10 հազարը՝ կոմունալ ծառայությունների համար: Սակայն նրանք, ովքեր սեփականության իրավունքով Հայաստանում ունեն անշարժ գույք ունեն, հունվարից հետո կզրկվեն նույնիսկ այդ համեստ 10 հազար դրամ աջակցությունից։
Ապրիլից վճարումները կդադարեն բոլոր աշխատունակ քաղաքացիների համար։ Աջակցություն կստանան միայն մինչև 18 տարեկան երեխաները, թոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքները: Իսկ հուլիսից նպաստների չափն է՛լ ավելի կնվազի՝ ամսական 40 հազար դրամից հասնելով 30 հազար դրամի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ օգնության կրճատման նպատակը աշխատունակ քաղաքացիների ինքնուրույնության խթանումն է: «Մենք պետք է այնպես անենք, որ աշխատունակ քաղաքացիները օգնության կարիք չունենան», - ընդգծել է նա:
Այնուամենայնիվ, քննադատները նշում են, որ նման քայլերը կարող են հանգեցնել ավելի մեծ սոցիալական լարվածության: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շեշտում է, որ փոփոխությունները քննարկվել են առանց տեղահանվածների մասնակցության։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը հաշվի չի առնում այն իրական դժվարությունները, որոնց բախվում են առանց օթևանի մնացած մարդիկ։
Բազմաթիվ տեղահանվածներ օգնության կրճատումն ընկալում են որպես հարված իրենց՝ առանց այն էլ ծանր վիճակին։ Աշխատանքի բացակայության և ապրելու կայուն տեղ չունենալու պայմաններում վճարումների դադարեցումը նրանց համար իսկական մարտահրավեր է դառնում։