Ավտոմեքենայի վարորդը խախտել է երթևեկության կանոնները. ՀԿԵ–ն` ողբերգական դեպքի մասին

Ջերմաքարշի և ավտոմեքենայի բախման վայրը
Ողբերգական դեպքը կարող էր չլինել, եթե մեքենայի վարորդը կանգներ «STOP» նշանի մոտ և համոզվեր, որ գնացք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել երկաթուղու գծերի վրա, ինչի հետևանքով բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող ջերմաքարշին: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը` անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքին։
Ավելի վաղ ՆԳՆ–ն տեղեկացրել էր, որ Արտաշար գյուղում` գնացքների կայանման մոտակայքում, ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1969 թ.) բախվել է ջերմաքարշին և բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Այրվել է ավտոմեքենան:Փրկարարները հայտնաբերել են Ա. Ա.-ի այրված դին:
«Բախումից հնարավոր չի եղել խուսափել ՝ չնայած մեքենավարի ձեռնարկած գործողություններին ՝ ձայնային ազդանշաններին և վթարային արգելակմանը: Արդյունքում ավտոմեքենան այրվել է, վարորդը մահացել է»,– ասված է ՀԿԵ–ի հաղորդագրությունում։
Ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները։ Այս ողբերգական դեպքը կարող էր չլինել, եթե մեքենայի վարորդը կանգներ «STOP» նշանի մոտ և չմտներ երկաթուղային գծեր՝ առանց համոզվելու, որ գնացք չկա։