Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակիցը 200 000 դոլար կվճարի պետությանը

Երևանի քաղաքապետարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացվել է հերթական վճիռը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Պետությունը Երևանի քաղաքապետարանի նախկին գլխավոր մասնագետից շուրջ 200 հազար դոլար կբռնագանձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի սկզբին հայտնել էր, որ դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։ Այս հայցերը առնչվում են ոչ միայն դրամական միջոցներին, այլ նաև անշարժ և այլ տեսակի գույքին, իրավաբանական անձանց բաժնետոմսերի բռնագանձմանը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2000 օբյեկտ։