ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը (մականունը` «Պզո») արդարացվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էդգար Արամյանը։
«Դատախազության հերթական ֆիասկոն: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը) մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ: Պաշտպանությունը իրականացվել էր իմ և Արմեն Մելքոնյանի կողմից: Դատավոր` Վ.Ջիվանյան»,- գրել է նա:
Նշենք, որ դատախազությունն էլ հայտնում է, որ Արմեն Ղազարյանի արդարացման վճիռը բողոքարկելու են։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Արմեն Ղազարյանի նկատմամբ: Ըստ դատախազության՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և 20 մլն դրամի չափով գրավը։ Քրեական գործը 2024թ մարտից ուղարկվել էր դատարան։