ՀՀ–ում 41 հարկ վճարող տուգանվել են 24.5մլն դրամով վարձու աշխատողին չձևակերպելու համար. ՊԵԿ

Ռեստորան Երևանում
ՊԵԿ–ից նաև տեղեկացնում են, որ ներկայացված ցանկում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. 2024 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում 41 հարկ վճարող տուգանվել է 24.5 մլն դրամով` վարձու աշխատողին չձևակերպելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ–ից նշում են, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով:
Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, կահույքի արտադրության, հանրային սննդի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, շինանյութի առևտրի, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության, պահածոների արտադրության, տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտներում։
Միաժամանակ, կոմիտեից տեղեկացնում են, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: