Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ–ի դեմ ներկայացված հայցի հետքերով

Միջազգային դատարան
Էներգառեսուրսների վերաբերյալ հայցը բազմաթիվ խոցելի կողմեր ունի, և հայկական կողմն իր դիրքորոշումը կհայտնի դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Բաքուն խեղաթյուրում է Միջազգային էներգետիկ խարտիայի դրույթներն ու նպատակները՝ մեղադրելով Երևանին «Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները» ապօրինի շահագործելու մեջ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից՝ մեկնաբանելով Ադրբեջանի հայցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի Մշտական ​​արբիտրաժային դատարան՝ մեղադրելով էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Բաքվի «ինքնիշխան իրավունքները» խախտելու մեջ։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող խոշոր ենթակառուցվածքային էներգետիկ օբյեկտների գործունեության մասին է։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը 30 տարի «խոչընդոտել է Ադրբեջանի հասանելիությունը իր էներգետիկ ռեսուրսներին»։ Հայտարարության մեջ խոսվում է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի, Արաքս գետի վրա՝ Իրանի հետ սահմանի հարևանությամբ նմանատիպ կայանների կառուցման նախագծերի մասին։
Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից նախ պարզաբանեցին, որ խոսքը ոչ թե նոր հայցի մասին է, այլ Հայաստանի դեմ 2023 թվականի փետրվարին սկսված արբիտրաժային գործընթացի մի մասը. Ադրբեջանն այդ գործընթացը նախաձեռնել է` մեջբերելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթները։ Երկրորդ` Բաքուն խեղաթյուրում է այս միջազգային փաստաթղթի դրույթները, որի նպատակն է էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումը, իսկ Ադրբեջանը փորձում է խարտիան կապել ԼՂ հակամարտության հետ։ Այնուամենայնիվ, Հայաստանն իր դիտարկումներն ու առարկությունները կներկայացնի արբիտրաժային վարույթի շրջանակում։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի հայցը մեր գործակալության հետ զրույցում մեկնաբանել էր նաև իրավաբան, միջազգային արբիտրաժի ոլորտի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։ Նա նշել էր, որ համաշխարհային պրակտիկայում չկան նախադեպեր, երբ արբիտրաժի ժամանակ հաշվարկվի շրջակա միջավայրին հասցված վնասը և ներկայացվի որպես պահանջ այլ երկրին։ Գրիգորյանի գնահատականներով՝ Բաքվի հայցի գումարը մի քանի միլիարդ դոլար կկազմի։ Սակայն, նրա խոսքով, Հայաստանը հնարավորություն ունի նախ հակընդդեմ հայցեր ներկայացնելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառաբանմամբ։ Երկրորդ` Երևանը կարող է վիճարկել տրիբունալի իրավասությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղը չի վավերացրել համապատասխան կոնվենցիաները, և Հայաստանը չի կարող հանդես գալ որպես պատասխանող կողմ, քանի որ Երևանը պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը շրջակա միջավայրի պաշտպանության պատրվակով սկսեց Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Այդ երկրի իշխանությունների կողմից ուղարկված տասնյակ ու հարյուրավոր «ակտիվիստներ»՝ մոտակա բարձունքներում ամրացած ադրբեջանցի զինվորականների փաստացի կրակային աջակցությամբ, փակեցին «կյանքի ճանապարհը»՝ Արցախի բնակչությանը Հայաստանի հետ կապող միակ ուղին։
Միջազգային հանրության` առաջատար երկրների ու միջազգային մասնագիտացված կառույցների` ճանապարհը բացելուն ուղղված բազմաթիվ կոչերն արդյունք չտվեցին։ Շրջափակումից մոտ 10 ամիս անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա սկսեցին Արցախի դեմ, ինչը հանգեցրեց էթնիկ զտումների։ Ամիսների շրջափակումից և մեկուսացումից հյուծված բնակիչները լքեցին իրենց տները և տեղափոխվեցին Հայաստան։