Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը ստորագրել է վարչապետի հրաժարականի մասին հրամանագիրը

Աբխազիա
Աբխազիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին ընդունել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան ստորագրել է վարչապետ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի մասին հրամանագիրը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
««Աբխազիայի Հանրապետության նախարարների կաբինետի մասին» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ընդունել Աբխազիայի Հանրապետության վարչապետ Անկվաբ Ալեքսանդր Զոլոտինսկովիչի հրաժարականը: Աբխազիայի Հանրապետության կառավարությանը հանձնարարել շարունակել լիազորությունների կատարումը»,-ասված է հրամանագրում:
Նշենք, որ Աբխազիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին ընդունեց հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան հայտարարեց, որ Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան կկատարի պետության ղեկավարի պարտականությունները, մինչև արտահերթ ընտրություններ անցկացվեն:
Հիշեցնենք` Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատում սկսվեց Ռուսաստանի հետ ներդրումների մասին համաձայնագրի պատճառով: Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դա թույլ կտա Ռուսաստանին բնակարանաշինություն սկսել Աբխազիայում։ Նրանք մտավախություն ունեն, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների աճի և սպառնալիք կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար:
Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը, բայց սկսված բողոքների պատճառով հետաձգեց նիստը։ Ընդդիմության կողմնակիցները գրավեցին Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահի նստավայրը` պահանջելով պետության ղեկավարի հրաժարականը։ Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ իշխանությունների և ընդդիմության բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվել, որ նախագահը հրաժարական տա, իսկ ընդդիմության կողմնակիցներն ազատեն կառավարական համալիրը։