Թբիլիսիում իրավիճակը կրկին լարվել է. ձերբակալվածներ կան

Ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները։
Sputnik
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների ակցիան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Կիրակի երեկոյան Վարազիսցևի, Մելիքիշվիլի, Կեկելիձեի փողոցների և Ճավճավաձեի պողոտայի խաչմերուկում տեղադրվել էին վրաններ և նստարաններ, որոնք հավաքվել են հարակից տարածքից: Ակցիայի մասնակիցներին սնունդ, տաք ըմպելիք և վերմակներ էին բաժանել, որպեսզի նրանք գիշերը չհեռանան:
Ցույցը ցրելուց առաջ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել` կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորելով ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին:
«Հանրահավաքի մասնակիցներին բավական ժամանակ է տրվել իրենց կարծիքն արտահայտելու և բողոքը փաստագրելու համար։ Խոսքի ազատությունը ճանապարհների փակումուքաղաքացիների կյանքի սովորական ռիթմի խախտում չի ներառում», - նշված է հայտարարության մեջ։
Այս պահին ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մելիքիշվիլիի պողոտայի երթևեկելի հատվածից:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ակցիայի ժամանակ ձերբակալվել են մի քանի ցուցարարներ, մեկ մարդ տուժել է, նրան տարել են շտապօգնության մեքենայով: Ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ մտադիր են պայքարել մինչև վերջ և չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները:
Հիշեցնենք` Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն` հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատներից 89-ը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները ևհրաժարվում են պատգամավորական տեղերից:
Ընդդիմադիրները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, նրանք միջազգային հետաքննություն և նոր ընտրություններ են պահանջում:
Վրաստանում ընդդիմադիր պատգամավորը սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահի վրա