ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոսելիդովկա բնակավայրը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոսելիդովկա բնակավայրը»,-ասվում է նախարարության ամփոփագրում:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Լեոնիդովկա, Բելիցկոյե, Ձերժինսկ, Միրոլյուբովկա, Գրոդովկա և Նովոէկոնոմիկոե բնակավայրերի շրջաններում 6 ուկրաինական բրիգադ է խոցվել։ Հետ է մղվել հակառակորդի գրոհային խմբերի վեց հակագրոհ։
«Հարավային» և «Արևմուտք» խմբավորումները բարելավել են դիրքերը, «Արևելք» խմբավորումը ավելի շահեկան դիրքեր և սահմաններ է զբաղեցրել։
Բացի այդ, խոցվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունն ապահովող էներգետիկայի օբյեկտներ, ինչպես նաև 146 շրջաններում հակառակորդի անձնակազմի և ռազմական տեխնիկայի կուտակումները։ ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է հինգ բալիստիկ հրթիռ, ֆրանսիական արտադրության չորս Hammer կառավարվող ավիացիոն ռումբ, ԱՄՆ-ի արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկ, ինչպես նաև 85 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։