ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը

Նա վստահեցրել է, որ շարունակելու է իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` ընդգծելով, որ լիազորությունները դադարեցնում է սեփական նախաձեռնությամբ
«Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը»,– գրել է նա։
Նա հիշեցրել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ լինելով` դարձել է 49 օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ունեցել է ավելի քան 50 ելույթ, կազմակերպել է բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով։
ՀՀ առողջապահության նախարարի աթոռը սկսել է ճոճվել. ո՞վ է աշխատում Ավանեսյանի դեմ
Զեյնալյանը վստահություն է հայտնել, որ իր գործընկերները կշարունակեն պահպանել իրենց հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն երազանքները։
Հավելենք, որ Զեյնալյանը ՔՊ–ին անդամակցում է 2021թ–ի օգոստոսի 2–ից, ԱԺ 7–րդ և 8–րդ գումարման պատգամավոր է։