ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը բիզնես ոլորտը զարգացնելու սխալ մեթոդ է ընտրել։ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թ. հուլիսի 1–ից ԱԱՀ համակարգ կտեղափոխվեն իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողները։
Սարգսյանը ներկայացրեց իր հաշվարկները, ըստ որոնց` ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է հարկերը բարձրացնել 6 անգամ` գործող 5 տոկոս հարկի փոխարեն սահմանելով 31 տոկոս հարկ։ Նա անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գործող «Հարկային օրենսգիրքը» հակապետական է, քանի որ չի խրախուսում զարգացումը, ավելի շատ փող աշխատելը։
Վարչապետի նախկին օգնականը համաձայն է այդ մտքի հետ, սակայն կարծում է, որ այդ ապապետական օրենսգիրքը պետական սարքելու համար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած մեթոդը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ ավելի է խորացնում։
«ՀՀ–ում բիզնեսները ստեղծվում են, զարգանում են, սակայն երբ հասնում են 115 մլն դրամի շեմին (շրջանառության հարկի համար սահմանված շեմը. խմբ.), կանգ են առնում, դադարում են ներդրումներ կատարել կամ բիզնեսն են տրոհում մասերի, սկսում են ստվերում աշխատել, այսինքն` անում են ամեն ինչ, որ այդ 115 մլն դրամի շեմը չանցնեն։ Այս 115 մլն դրամը նման է մեքենայի ձեռքի արգելակին` «ручной тормоз»–ին, որ խանգարում է բիզնեսին ինչ–որ պահից աճել»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` այս արգելակը վերացնելու երկու տարբերակ կա` կա՛մ վերացվի շրջանառության հարկը, կա՛մ բարձրացվի շեմը։
«Ֆիննախը գնացել է առաջին տարբերակով, այսինքն` բիզնեսը հիմնադրման առաջին օրվանից պետք է աշխատի ձեռքի արգելակը քաշած վիճակում ու իր աշխատած առաջին 100 դրամից պետք է վճարի 31 տոկոս հարկ։ Ընդունված տրամաբանություն է, որ բիզնեսի հարկը պետք է առնվազն հավասար կամ ցածր լինի վարձու աշխատողի հարկից, քանի որ բիզնեսն ավելի ռիսկային է։ Այս նախագծով անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնագետը պետք է 50 տոկոսով ավելի հարկ վճարի, քան նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողը»,– նշեց Սարգսյանը։
Փաշինյանի նախկին օգնականը հաշվել է, որ 2018 թվականից ի վեր ՀՀ հարկային օրենսգիրքը փոփոխվել է 119 անգամ, իսկ դրա ծավալը ֆիզիկապես պատկերացնելու համար նա 11 տառաչափով տպել էր 6 տարում կատարված փոփոխությունները, ստացել 533–էջանոց հսկա տրցակ և իր հետ բերել ԱԺ։ Նա հայտարարեց նաև, որ այդ 533 էջի կեսը վերաբերում է ԱԱՀ–ին ու շահութահարկին, և միայն 12 էջն է եղել շրջհարկի մասին։
Ըստ Սարգսյանի` բացի շինարարության ոլորտից, մնացած բոլոր ոլորտների դեպքում 115 մլն դրամի սահմանափակումը պետք է հանել։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։