Լալան ծննդատնից գնաց քիմիաթերապիայի․ ՀՀ–ում չափահասի 1-ին ալոգեն փոխպատվաստումն է արվել

Լալա Բախտիկյան
Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում է արվել չափահասի։ Բուժառուն 44-ամյա Լալա Բախտիկյանն է, որի որդին՝ Րաֆֆին, զոհվել էր 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։
Sputnik
44–օրյա պատերազմից 3 տարի անց 44–ամյա Լալա Բախտիկյանի տունը կրկին հույսով ու լույսով լցվեց․ հղիության լուրը նոր իմաստ հաղորդեց կյանքին։ Հղիության 34-րդ շաբաթում կնոջ ինքնազգացողությունը հանկարծ վատացավ։ Հետազոտությունների արդյունքում սուր լիմֆոբլաստային լեյկոզ ախտորոշվեց։ Բժշկական խորհրդակցություն հրավիրվեց, որոշում կայացվեց՝ անհապաղ կեսարյան հատում իրականացնել ու սկսել բուժումը․ սպասելու ժամանակ չկար։ «Էրեբունի» ծննդատանը կատարվեց կեսարյան հատում, որից 2-3 օր անց նորածին Րաֆֆին տուն գնաց, իսկ Լալան՝ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն։
Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ իրականացվում է երեխաների ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ 14 երեխա անցել է այդ միջամտությունը։ Մեծահասակի փորձ դեռևս չկար։
«Ալոգեն փոխպատվաստումն ամենաբարդ բժշկական միջամտություններից է, մահացության ռիսկը բավականին բարձր է։ Մեծահասակների դեպքում հնարավոր բարդությունների հավանականությունն ավելի մեծ է, քան մանկահասակ հիվանդի համար։ Հարազատներն ու Լալան տեղյակ էին բոլոր ռիսկերի մասին, ինչ բարդ ճանապարհով պետք է անցնեն»,- ասում է ոսկրածուծի փոխպատվաստման բժիշկ, Մեծահասակների արյունաբանության կլինիկադիսպանսերային բաժանմունքի վարիչ Ներսես Ղահրամանյանը։
Ներսես Ղահրամանյան
Մինչ փոխպատվաստում իրականացնելու որոշումը կայացնելը պետք է համոզվել, որ այն ցուցված է բուժառուին։ Սա բուժմանն աջակցող, այն ամրապնդող միջամտություն է։
«Ունենք լեյկեմիայով բուժառուներ, որոնց ոչ միշտ է ցուցված փոխպատվաստում։ Լալայի դեպքում ցուցված էր։ Ունեինք նաև դոնոր՝ քույրը, որը 100 տոկոսով, լիարժեք համապատասխանում էր։ Սկսեցինք հիմնական բուժումը, նշանակվեցին քիմիաթերապիաների կուրսեր, որոնցից հետո ունեցանք լիարժեք ռեմիսիա (հիվանդության ախտանիշների ժամանակավոր թուլացում): Դա ամրապնդեց մեր միտքը, որ ճանապարհը լուսավոր է դառնում՝ Լալան կարող է դառնալ առաջին պացիենտը»,- ասում է մեծահասակների արյունաբան Հասմիկ Օսեյանը։
Հասմիկ Օսեյան
Նախափոխպատվաստումային փուլում, երբ 1-2 օրով հնարավոր էր լինում՝ Լալային տուն էին ուղարկում՝ երեխային տեսնելու, ուժ ստանալու։
«Այս ամբողջ ճանապարհին Լալայի տրամադրվածությանը շատ է օգնել»,- ասում է բժշկուհի Օսեյանը։
Մասնագետները նշում են՝ այս ամենի կողքին կարևոր է նաև միջամտության ֆինանսական կողմը․ ալոգեն փոխպատվաստումը բավականին թանկ է։ Պահանջվող գումարի 6,5 միլիոն դրամը տրամադրեց պետությունը, ավելի քան 11 միլիոնն էլ «Վիվա» հիմնադրամի դրամահավաքով գումարվեց։
Շուրջ 3 ամիս առաջ առաջին անգամ իրականացվեց մեծահասակի ոսկրածուծի փոխպատվաստում։ Բժիշկ Ներսես Ղահրամանյանը բացատրում է՝ սա նման չէ մյուս փոխպատվաստումներին, վիրահատություն չէ, միջինում մի քանի ժամ է տևում բուն միջամտությունը, սակայն միջամտությունների սենյակում ամեն ինչ ոչ թե ավարտվում է, այլ ինչ-որ առումով՝ սկսվում։
Մինչ փոխպատվաստումը մոտ 1 շաբաթ հիվանդը ստանում է այդ գերբարձր դեղաչափերով քիմիաթերապիա. այդպիսի բարձր դեղաչափեր այլ պարագաներում չեն նշանակվում։
44–օրյայի զինհաշմանդամ Անդրանիկը ձևափոխել է մեքենան ու հարմարեցրել ձեռքով վարելուն
«Դեղորայքային ձևով վերացվում է հիվանդի ամբողջ արյունաստեղծումը, իմունիտետի բջիջները, այդ դատարկված ոսկրածուծի պայմաններում ներարկվում են դոնորից վերցված ցողունային նոր բջիջներ, որոնք պետք է գնան և իրենց տունը գտնեն նոր, դատարկ ոսկրածուծում»,- բացատրում է Ղահրամանյանը։
Մինչև օրգանիզմում կսկսի արտադրվել նոր արյուն, մոտ 2-3 շաբաթ հիվանդն առանց իմունային համակարգի բջիջների է՝ բավականին կրիտիկական, ռիսկային վիճակում։
«Նրանք այդ ընթացքում իզոլացված պայմաններում են, քանի որ ցանկացած ինֆեկցիա կարող է ճակատագրական դառնալ, արյան փոխներարկումներ են ստանում, քանի որ իրենց սեփականը դեռ չի արտադրվում։ Եվ այդ առաջին մեկ ամիսն անցնում է, ներարկված ցողունային բջիջներից առաջացած նոր արյան բջիջները սկսում են երևալ, և որոշ ռիսկեր արդեն նվազում են։ Սակայն քանի որ արդեն աճած իմունային համակարգը լրիվ այլ օրգանիզմից է վերցված, օտար է, այն կարող է բացի հիմնական նպատակից՝ օտար ճանաչել չարորակ բջիջներն ու վերացնել դրանք, օտար ճանաչել ցանկացած առողջ հյուսվածք ու օրգան, օրինակ՝ լյարդ, աղիներ, մաշկ, ու դա կարող է հանգեցնել հիվանդի մահվան»,- բարդ գործընթացը հնարավորինս մատչելի փորձում է նկարագրել բժիշկ Ղահրամանյանը։
Ու սա դեռ ամբողջը չէ․․․ Ռիսկերի ու բարդությունների տարբեր փուլերը հաջորդում են մեկը մյուսին։ Այս ամբողջը 100 օր է տևում՝ ճիշտ այսքան ժամանակ Լալային թույլ չեն տվել գրկել, սիրել, համբուրել նորածին որդուն։
«Այդ օրերին արգելված է մանկահասակ երեխաների հետ շփվել, որովհետև նրանք շատ են հիվանդանում շնչառական վիրուսներով, որոնք նման հիվանդների համար կարող են ճակատագրական լինել»,- ասում է Ղահրամանյանը։
100 օրն անցնելուց հետո ռիսկերը չեն զրոյանում, բայց զգալի նվազում են։
Բժիշկներն ասում են՝ սա մի հոգու ու նույնիսկ մեկ թիմի հաղթանակ չէ, տարբեր կառույցներ ու մասնագետներ միավորեցին իրենց ուժերն ու կարողությունները։
Ըստ վիճակագրության՝ տարեկան 80-100 հիվանդ Հայաստանում ալոգեն փոխպատվաստման կարիք ունի։ Բժշկական այս բարդ ու թանկ միջամտությունն այսօր աշխարհի մոտ 40 երկրում է իրականացվում։ Այն ցուցվում է ոչ միայն արյան չարորակ ուռուցքային հիվանդությունների, այլև բարորակ ժառանգական որոշ հիվանդությունների դեպքում։