ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան շարունակում է ակտիվ քննարկումների առարկա լինել հայ քաղաքական և փորձագիտական հանրությունում։ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ն գրեթե աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ` հատկապես Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման և հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում։
Սակայն Դոնալդ Թրամփի` Սպիտակ տուն վերադարձով պատկերը կարող է կտրուկ փոխվել: Դա պայմանավորված է ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ նոր վարչակազմի տարբեր մոտեցումներով (դեմոկրատներից կտրուկ տարբերվող) այնպես էլ Հայաստանի ղեկավարության՝ ամերիկյան քաղաքական խոհանոցի էությունը ճիշտ ընկալելու անկարողությամբ։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև բանակցություններին ամերիկյան կողմի մասնակցությանը, նշեց, որ Թրամփը հազիվ թե ցանկանա ավարտին հասցնել Բայդենի «նախագիծը» և շտապեցնել հակամարտության կողմերին, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Սա նշանակում է, որ կլինի բանակցային գործընթացի որոշակի դանդաղում, քանի դեռ նոր վարչակազմը նորից չի սկսել զբաղվել Հարավային Կովկասով և «վերմակը քաշել իր կողմը»:
Ի պատասխան հարցի, թե ինչպես պետք է հայ դիվանագետներն աշխատեն Վաշինգտոնի նոր վարչակազմի հետ, Սարգսյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ քաղաքականություն են վարելու հանրապետականները Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի, Իրանի, Ուկրաինայի հետ հարաբերություններում։ Ակնհայտ է, որ այդ քաղաքականությունն էապես կանդրադառնա Հարավային Կովկասի վրա։
«Հայաստանի իշխանություններին կարող եմ խորհուրդ տալ զգուշավոր դիվանագիտական աշխատանք տանել ԱՄՆ նոր վարչակազմի հետ, բայց ես խորապես հեռու եմ այն մտքից, որ այսօրվա իշխանությունները նման ունակություն ունեն, մանավանդ` դիվանագիտական աշխատանք տանելու հանրապետականների հետ, որոնցից ԱՄՆ-ի հայ դիվանագետներն ամեն կերպ փորձում էին վերջին տարիներին խուսափել` առավելապես շփումներ ունենալով դեմոկրատների հետ՝ ինչպես Կոնգրեսում, այնպես էլ գործադիր իշխանությունում»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` եթե ՀՀ իշխանությունների, դիվանագետների կողմից ԱՄՆ-ի ներքաղաքական դաշտի նկատմամբ լինեին ավելի ադեկվատ մոտեցումներ, հնարավոր կլիներ աշխատանք տանել նոր վարչակազմի հետ, նախապատրաստել, ներկայացնել, բացատրել Հայաստանի դիրքորոշումն ու տարածաշրջանի խնդիրները և այլն։
Ավելին` Սարգսյանը հիշեցրեց, որ Թրամփի թիմի առանցքային դեմքերը նախկինում այս կամ այն կերպ առնչվում էին հայկական խնդիրներին և լոբբինգ անում որոշակի նախագծերի ու նախաձեռնությունների համար։ Օրինակ` ԱՄՆ նոր վարչակազմում պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն, Ազգային հետախուզության ղեկավարի թեկնածու Թուլսի Գաբարդը, առողջապահության նախարարի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը և այլք։
Նրանցից ոմանք, օրինակ՝ Գաբարդը, նախկինում եղել են Լեռնային Ղարաբաղում։ Բայց քաղաքագետը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ նրանց այսպես կոչված հայամետ լինելու հանգամանքը չի նշանակում, որ ինքնաբերաբար կսկսեն Հայաստանի օգտին որոշումներ կայացնել։
Սարգսյանն ընդգծեց, որ, այո՛, այդ մարդիկ կապեր ունեին հայ համայնքի և հայ գործիչների հետ, բայց այդ կապերը մեծ մասամբ անցյալում են, և այժմ նրանց հետ հետևողական աշխատանք է անհրաժեշտ տանել։ Թերևս այս աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել, օրինակ, ոչ միայն Կոնգրեսի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ճանաչմանն ու դատապարտմանը, այլ նաև Թրամփի վարչակազմի կողմից համապատասխան բանաձևերի ընդունման աջակցությանը։
Անդրադառնալով Փաշինյանի և Թրամփի վերջին հեռախոսազրույցին, որն առաջինն էր նոր նախագահի ընտրությունից հետո, Սարգսյանը այն անվանեց զուտ արարողակարգային իրադարձություն։ Նա ընդգծեց, որ մինչ օրս 90 երկրների ղեկավարներ արդեն զանգահարել և շնորհավորել են Թրամփին։ Այս առումով հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթաց ակնկալելու հիմքեր չկան։
Ամերիկագետը նշում է, որ սովորաբար նման հեռախոսային խոսակցությունները տևում են ընդամենը 3-4 րոպե, և պարզ է, որ այդ մի քանի րոպեների ընթացքում անհնար է քննարկել խնդիրների ամբողջ շրջանակը, առավել ևս՝ հասնել բեկումնային պայմանավորվածությունների։