ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի 13 սոցիալական նշանակության օբյեկտների էներգաարդյունավետության բարելավման աշխատանքները։
Արդյունքները ներկայացվել են Երևանում անցկացված «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ:
«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրի իրականացման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 1,7 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել։ Եվս 350 հազար դոլար հատկացրել է ՀՀ կառավարությունը:
«Ծրագրի այս փուլում ներառվել են 13 հանրային շենքեր, ինչպիսիք են պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, ուսումնական, գիտական և սպորտային հաստատություններ։ Տվյալ հաստատությունների աշխարհագրությունը բավականին լայն է` ընդգրկելով ոչ միայն Երևանը, այլև Գյումրին, Վանաձորը, Ալավերդին, Արտաշատը և այլ բնակավայրեր», – ասել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը։
Նրա խոսքով` ընտրվել են այն օբյեկտները, որոնք ամենից շատ կարիք ունեն էներգաարդյունավետության բարձրացման։ Օրինակ, Պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքը, որտեղ պատուհանները չեն փոխվել խորհրդային ժամանակներից։ Այստեղ, պատուհանների ամբողջական փոխարինումից բացի, տեղադրվել է ֆոտոէլեկտրական համակարգ։
Նրա խոսքով` համապատասխան աշխատանքը չի սահմանափակվել ստանդարտ արևային պանելների տեղադրմամբ։ Փորձել են նաև նոր լուծումներ գտնել։ Օրինակ, ջերմամեկուսիչ աշխատանքներ են իրականացվել։
«Փորձել ենք ցույց տալ` ինչպես կարելի է ջերմամեկուսացում իրականացնել առավել մատչելի ձևով», – նշել է Ասատրյանը։
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում 100 կՎտ հզորությամբ արևային պանելներ են տեղադրվել։ Միևնույն ժամանակ, այդ պանելները տանիք են հանդիսացել դպրոցի ավտոկայանատեղիի համար։
Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում իրականացվել է 80 սոցիալական շենքերի էներգետիկ աուդիտ։ Արդյունքում ընտրվել է 13-ը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հանրային շենքերի մեծ մասը մեր երկրում կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում, երբ էներգակիրների գները բավականին ցածր էին։
«Ներկայումս նրանց էներգաարդյունավետության բարձրացման հարցում մեծ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Այսօրվա մեր գործընկերը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն է, որին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար, ինչպես նաև ՄԱԿ-ի մեր գործընկերներին։ Կարծում եմ, որ այս ոլորտում չնայած կատարված բազմաթիվ աշխատանքներին, դեռ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու։ Եվ կառավարությունը հանձնառու է այդ աշխատանքը համակարգելու, իրականացնելու և համաֆինանսավորելու», – ասաց Աբրահամյանը։
Նշենք, որ ծրագրում ընդգրկված շենքերից են նաև Գյումրիի և Երևանի պոլիկլինիկաները, Ալավերդիի բժշկական կենտրոնը, Լոռու քաղաքապետարանը, Երևանի «Երիտասարդական» մետրոյի կայարանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արտաշատի մասնաճյուղը և այլն: