Որևէ բան անակնկալ չէ. Կոնջորյանը` Հայաստանում հրաժարականների ալիքի մասին

ՔՊ խմբակցության ղեկավարը վստահ է` պաշտոնանկություններն ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ կառավարության նիստում Փաշինյանի խոսքին, թե իր համբերության բաժակը լցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահեցնում է` երկրում պաշտոնանկություններն անակնկալ չէին։ Այս մասին նա ասաց ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ։
Նշենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
«Ուրբաթ օրը, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի և ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտնել է իր դիտարկումներն ու դժգոհությունները։ Ըստ էության` նա հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու ու որոշումները կայացրել է։ Որևէ բան անակնկալ չէ և այստեղ նախընտրական տրամաբանություն չկա»,– նշեց Կոնջորյանը։
Նա ընդգծեց, որ իրենք էլ, որպես խմբակցություն, բազմիցս բարձրաձայնել են ՀՀ իրավական համակարգում առկա խնդիրների մասին։ Վստահեցրեց` մարդիկ էլ երկրում պահանջ ունեն, որպեսզի արդարությունն էմոցիոնալ պահանջից վերաձևակերպվի ու դառնա իրողություն։
Կոնջորյանի խոսքով` այս հրաժարականներին պետք է նայել համակարգային և կադրային, ոչ թե ներքաղաքական տեսանկյունից։
Այսօր վաղ առավոտից արդեն սկսվեց հրաժարականների շարքը. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ազատման դիմումներ են գրել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Այնուհետև պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարեցին նաև ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։