ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ընդունելի չի համարում ռազմաճակատի գծում ռազմական գործողությունները սառեցնելու տարբերակը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրի մասին լուրերը։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Էրդողանը մտադիր է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ծրագիր ներկայացնել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի գագաթնաժողովում։ Ըստ այդ հրապարակումների՝ փաստաթուղթը ներառում է շփման գծում մարտական գործողությունների սառեցում, ապառազմականացված գոտու ստեղծում Դոնբասի Արևելքում և միջազգային զորքերի տեղակայում:
«Մարտական բախման գծում սառեցման տարբերակն անընդունելի է ռուսական կողմի համար։ Հունիսին նախագահ Պուտինի հնչեցրած պայմանները շարունակում են արդիական մնալ, դրանք հստակ սահմանում են, թե ինչ է պետք ռազմական գործողությունների դադարեցման համար»,- ընդգծել է Պեսկովը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են այդ ծրագիրը վերջին շփումների ընթացքում, Կրեմլի ներկայացուցիչը բացասական է պատասխանել:
«Ո՛չ, դա չի քննարկվել։ Մենք ուշադրություն ենք դարձրել հրապարակումներին, սակայն այդ ծրագրի էության և դրա մանրամասների մասին տեղեկություն չունենք»,- ասել է Պեսկովը։
ԶԼՄ–ների տեղեկություններով՝ Էրդողանի նախաձեռնությունը նաև նախատեսում է, որ Ուկրաինան առնվազն 10 տարով կհետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Փոխարենը առաջարկվում է շարունակել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։