ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների ալիքը՝ հաստատելով, որ հենց ինքն է նախաձեռնել այդ գործընթացը։ Փաշինյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները` հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,– գրել է նա։
Փաշինյանը հեռացած պաշտոնյաներին շնորհակալություն է հայտնել պետականության զարգացման գործում ունեցած վաստակի և իր խնդրանքն ըմբռնելու համար։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նա շեշտեց` ուղիղ է ասում, այս իրավիճակի վերջը եկել է։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատման դիմում է գրել։