ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծում է, որ իշխանությունը երկրում տեղի ունեցող պաշտոնանկություններով փորձում է նոր դեմքով հանդես գալ։ Նա այդ մասին ասաց ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ։
«Պաշտոնանկությունների քայլն ավելի շատ դիտարկում եմ նախընտրական տրամաբանությունների ներքո։ Խոսքս ուղիղ առումով չի առնչվում նրան, որ հնարավոր է` 3, 4, կամ 5 ամիս հետո ընտրություններ լինեն, բայց իշխանությունը փորձում է փաթեթավորել բոլոր խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են, և հանդես գալ նոր դեմքով։ Խորհրդանշական առումով այդ սափրման գործընթացը ևս այս արարի մի մասն է կազմում և համընկնումը պատահական չէ։ Հնարավոր է իմիջային առումով նրան որոշակի խորհուրդներ են տվել, որը նա իրացնում է»,– նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչ վերաբերում է ուժային կամ արդարադատության բլոկներին, ապա, ըստ Աբրահամյանի, այս իշխանությունը բազմաթիվ խոստումներ է տվել, բայց հանրությունը լրիվ այլ բանի է ականատես եղել։ Այժմ էլ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի «գրպանը գցելու» անհրաժեշտություն է առաջացել։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նա շեշտեց` ուղիղ է ասում, այս իրավիճակի վերջը եկել է։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատման դիմում է գրել։