ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերում զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի քրոջորդի Յոգև Պացին: Այս մասին գրում է «The Times of Israel»-ը:
Նշվում է, որ նա մեկ այլ զինվորի հետ միասին զոհվել է Գազայի հատվածի հյուսիսում փոխհրաձգության ժամանակ:
«Պացին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի նախկին պետի և ռազմական կաբինետի նախկին դիտորդ-նախարարի քրոջորդին էր»,-ասվում է նյութում:
ԶԼՄ–ն շեշտում է, որ նա Այզենկոտի ընտանիքի երրորդ անդամն է, որը զոհվել է ռազմական գործողությունների ընթացքում։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։