Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց

Դատավոր Վահե Դոլմազյանը փաստեց, որ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-ից մինչ օրս չի խախտել տնային կալանքի համար սահմանված պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 3 ամսով` մինչև 2025 թվականի մարտի 11-ը ներառյալ։ Որոշումը հրապարակեց դատավոր Վահե Դոլմազյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10–ին դատարանը որոշել էր ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։
«Դատարանը չի կարող արձանագրել, որ սեպտեմբերի 11-ից ի վեր Արմեն Աշոտյանը խախտել է իր նկատմամբ կիրառված տնային կալանքի պայմանները, քանի որ դատարանին նման փաստ չի ներկայացվել։ Տնային կալանք նշանակելու հիմքերը, սակայն, շարունակում են առկա լինել»,– նշեց Դոլմազյանը։
Նրա խոսքով` խափանման միջոցի ժամկետը երկարաձգվում է, որովհետև դեռևս 2 վկա է հարցաքննվել, սակայն 30-ից ավելին էլ դեռ սպասվում է։ Միևնույն ժամանակ ընդգծեց` սա չի նշանակում, որ պարտադիր է, որ մինչ բոլոր վկաների հարցաքննությունն ու ապացույցների քննության ավարտը մեղադրյալը լինի կալանքի մեջ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ընդգծեց` համաձայն չեն դատարանի որոշման հետ։
«Փաստարկներն ներկայացրել եմ։ Մենք շարունակում ենք այս ամենը համարել քաղաքական։ Այսօր դատախազներն ասացին, որ անգամ տնային կալանքը համարում են ոչ բավարար։ Սա պատժողական մոտեցում է, ոչ թե խափանողական»,– ասաց Մելիքյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 14։30–ին։
Նշենք, որ Աշոտյանին արգելվել է մինչև դատավարության ավարտը կապ ունենալ որևէ մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Տնային կալանքի ընթացքում նրան կարող են այցելել նաևՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք նրան տեսակցում էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։
Արմեն Աշոտյանը նաև իրավունք ունի տանը եղած ժամանակ շարունակել գրել հոդվածներ և փաստաբանների միջոցով փոխանցել դրանք մամուլին։