ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի համազգեստի պարանոցային հատվածում թմրամիջոց է հայտնաբերվել, նա ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայությունը։
Նշված քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին խուզարկության են ենթարկել նոյեմբերի 17–ին՝ ժամը 08։50–ի սահմաններում։
«Նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․–ի համազգեստի պարանոցային հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 125,38 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՔԿ ծառայողը ձերբակալվել է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։