ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում`ակնարկելով, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից:
Հայտնել ենք, որ կառավարության այս շաբաթվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր համբերության բաժակը լցվել է, և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նա հայտարարեց` ուղիղ է ասում, այս իրավիճակի վերջը եկել է։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային իսկական ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
«Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ»,–նշել է Անդրեասյանը:
Նա նշել է, որ իր աշխատանքով դատական համակարգը դուրս է բերել խայտառակ ճգնաժամից, նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր է դրել, որոնց արդյունքները կերևան մեկ-երկու տարի անց։
«Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել»,–նշել է ԲԴԽ արդեն նախկին նախագահը:
Նա նշել է, որ պաշտոնից հեռանում է առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության` շեշտելով, որ այդ «թունավոր պաշտոնում» ամենաերկարն է դիմացել։
Հիշեցնենք` Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2022 թվականի հոկտեմբերի 7–ին։