ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1–ի տվյալներով` Հայաստանում այս տարի արտադրվել է ընդհանուր առմամբ 192 047 տոննա խաղող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ինչպես և սպասելի էր, ամենից շատ բերք ստացվել է Արարատի մարզում` 85 հազար տոննա, որին հաջորդում է Արմավիրի մարզը` 82 913 տոննա։ Տավուշի մարզում հավաքվել է 11 271 տոննա խաղող, Արագածոտնում` 7 500 տոննա, Վայոց Ձորում` 5000 տոննա։ Խաղողի բերք ընդհանրապես չի եղել Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա խաղող հիմնականում արտահանվել է ՌԴ, Վրաստան և ԱՄէ։ Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 8 588 տոննա խաղող։
Նախարարությունից նշել են, որ այս տարի արտահանված խաղողի շուրջ 6 900 տոննան եղել է 2024 թ. բերքից:
Ըստ գերատեսչության` այս տարի խաղողի մթերումներ իրականացվել են ավելի քան 40 ընկերության շուրջ 50 մթերման կետում։
«Ըստ ընկերություններից հավաքագրված ոչ պաշտոնական օպերատիվ տեղեկատվության` 2024 թ. մթերվել է շուրջ 165 հազար տոննա խաղող: Խաղողի մթերումներ իրականացնող ընկերությունները ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հաշվետու չեն, այդ պատճառով մթերված խաղողի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում»,– ասված է նախարարության պատասխանում։
Միաժամանակ նշվում է, որ կառավարության «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվելու ցանկություն հայտնած ընկերությունների տրամադրած տեղեկատվության համաձայն` 2024 թ. օգոստոսի 1–ի դրությամբ գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է շուրջ 100 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր:
Նշենք, որ խաղողի մթերման գինն այս տարի տատանվում էր 130-160 դրամ տեխնիկական սորտերի համար, իսկ ավելի բարձրակարգ սորտերի համար՝ մինչև 350 դրամ և ավելի։
Հիշեցնեք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի ընթացքում մթերվել է 160 հազար տոննա խաղող։